Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել է արգելել շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգի «Մադլեն» նավին մոտենալ Գազայի հատվածի ափերին։
«Իսրայելի պաշտպանության բանակին հրահանգել եմ գործել այնպես, որ կանխվի «Մադլեն»-ի մուտքը Գազայի հատված։ Ես հակասեմիտ Գրետային և նրա ընկերներին հստակ ասում եմ. ավելի լավ է հետ շրջվեք, որովհետև չեք հասնի Գազա»,- նրա խոսքերն է մեջբերել «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կացի խոսքով՝ Իսրայելը թույլ չի տա խախտել Գազայի հատվածի ծովային շրջափակումը։
«Մադլեն» նավը, որը շահագործվում է պաղեստինամետ «Ազատության նավատորմի» կոալիցիայի կողմից, հունիսի 6-ին Սիցիլիայից նավարկել է և այժմ գտնվում է Եգիպտոսի ափերի մոտ՝ դանդաղորեն շարժվելով դեպի Գազայի հատված, հաղորդում է Reuters-ը։ Կոալիցիայի տվյալներով՝ զբոսանավը տեղափոխում է խորհրդանշական քանակությամբ մարդասիրական օգնություն, այդ թվում՝ բրինձ և մանկական սնունդ։ Թունբերգից բացի, նավի վրա կա անձնակազմի ևս 11 անդամ, այդ թվում՝ ֆրանսիացի Եվրախորհրդարանի անդամ Ռիմա Հասանը։
Reuters-ը նշել է, որ իսրայելական լրատվամիջոցները նախկինում հաղորդել էին, որ զինվորականները պլանավորում էին կանգնեցնել զբոսանավը մինչև Գազա հասնելը և ուղեկցել այն Իսրայելի Աշդոդ նավահանգիստ։ Այնուհետև անձնակազմը կարտաքսվի։ «Ազատության նավատորմի» խոսնակը նշել է, որ նավը ներկայումս գտնվում է Գազայից մոտ 296 կմ հեռավորության վրա։
2010 թվականին իսրայելական հատուկ ջոկատայինների խումբը սպանել էր 9 մարդու «Մավի Մարմարա» նավի վրա, որը 6 նավից բաղկացած նավատորմի մաս էր կազմում և փորձում էր ճեղքել Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակումը: Նավի մեկ այլ ուղևոր ավելի ուշ մահացել էր ստացած վնասվածքներից: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր նաև 10-15 իսրայելցի զինվորական։