Իրանը դատապարտել է ԱՄՆ՝ մի շարք երկրների, այդ թվում՝ Իրանի քաղաքացիների նկատմամբ սահմանած մուտքի արգելքը՝ այն որակելով որպես «խորը թշնամանքի» դրսևորում իրանցիների նկատմամբ, հաղորդում է IRNA-ն:
Իրանի արտաքին գործերի նախարարության արտերկրում բնակվող իրանցիների հարցերով գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ալիրզա Հաշեմի-Ռաջան շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը «ռասիստական է» և «խախտում է միջազգային իրավունքը»։
«ԱՄՆ վարչակազմի՝ Իրանի քաղաքացիների մուտքը արգելելու որոշումը միայն նրանց դավանանքի և ազգային պատկանելության հիմքով ոչ միայն վկայում է ամերիկացի որոշում կայացնողների խորը թշնամանքի մասին Իրանի ժողովրդի և մահմեդականների նկատմամբ, այլև խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ խտրականության արգելքը և մարդու հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքը»,- նշված է իրանցի պաշտոնյայի հայտարարության մեջ։
Հաշեմի-Ռաջան ՄԱԿ-ին և մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին կոչ է արել բացահայտորեն հակազդել Վաշինգտոնի «միակողմանի և խտրական քայլերին»:
Թրամփը հունիսի 5-ին ստորագրել էր հրամանագիր, ըստ որի՝ արգելվում է 12 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ՝ հղում անելով «արտաքին ահաբեկչությունից» պաշտպանվելու անհրաժեշտությանը։
Մուտքի ամբողջական արգելքի տակ ընկած երկրներն են Աֆղանստանը, Մյանմարը, Չադը, Կոնգոն, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Հայիթին, Իրանը, Լիբիան, Սոմալին, Սուդանը և Եմենը։
Մուտքի մասնակի սահմանափակումներ են կիրառվել հետևյալ երկրների նկատմամբ՝ Բուրունդի, Կուբա, Լաոս, Սիեռա Լեոնե, Տոգո, Թուրքմենստան և Վենեսուելա։