ԱՄՆ դաշնային դատավոր Էլիսոն Բերոուզը ժամանակավորապես կասեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր հրամանագիրը, որն արգելում է Հարվարդի համալսարան մուտք գործել միջազգային ուսանողներին և հետազոտողներին, ինչը կարևոր քայլ է համալսարանի և ԱՄՆ վարչակազմի միջև երկարատև իրավական պայքարում, գրում է Bloomberg-ը։
Դատավորը հայտնել է, որ որոշումը կարող է «անդառնալի վնաս» պատճառել Հարվարդին և ժամանակավորապես կասեցրել այն։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 16-ին։
Թրամփի հրամանագիրը վեցամսյա արգելք էր սահմանում նոր միջազգային ուսանողների և փոխանակման ծրագրերի մասնակիցների համար և պահանջում է վերանայել Հարվարդի գործող միջազգային ուսանողների վիզաները: Թրամփի վարչակազմն ազգային անվտանգության հետ կապված մտահոգություններ էր հայտնել համալսարանի չինացի հետազոտողների հետ ենթադրյալ համագործակցության վերաբերյալ։
Համալսարանը վարչակազմի գործողությունները որակել էր անօրինական։ Հարվարդի համալսարանում սովորող միջազգային ուսանողները կազմում են ընդհանուր թվի 27%-ը։ Որոշումը կարող է ազդել ԱՄՆ-ի ողջ բարձրագույն կրթության համակարգի վրա, որը կախված է աշխարհի տարբեր երկրներից տաղանդներ ներգրավելուց։
Մայիսին Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել էր օտարերկրյա ուսանողներ ընդունել։ Դաշնային դատարանն արգելափակել էր Հարվարդում օտարերկրյա ուսանողների ընդունելության Թրամփի արգելքը։ Մայիսի 27-ին Թրամփի վարչակազմը դադարեցրել էր ուսանողական վիզաների տրամադրման հարցազրույցները։