Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը կտրուկ է արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին՝ հայտարարելով, որ առանց իր աջակցության նա չէր հաղթի ընտրություններում:
«Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում, դեմոկրատները կվերահսկեին [ԱՄՆ Կոնգրեսի] Ներկայացուցիչների պալատը»,- գրել է Մասկը X-ում:
Այսօր ավելի վաղ Թրամփն ասել էր, որ «հիասթափվել է Իլոնից»։
Մայիսի 29-ին հայտնի էր դարձել, որ Մասկը լքում է ԱՄՆ նախագահի վարչակազմը՝ իր ծախսերի կրճատման բարեփոխումների ձախողման և նախագահի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Մասկն ընդգծել էր, որ ցանկանում է կենտրոնանալ իր բիզնեսի վրա, որն սկսել է մեծ վնասներ կրել միլիարդատիրոջ քաղաքական ակտիվության հետևանքով։
Հունիսի 4-ին Մասկը քննադատել էր ԱՄՆ նախագահի օրինագիծը, որը նախատեսում է էական հարկային արտոնություններ։ Նա նաև «զզվելի էր» անվանել Թրամփի «մեծ ու գեղեցիկ» օրինագիծը։