Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը կրկին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա վարչակազմին, այս անգամ ավելի կոշտ, հայտնել է Yahoo-ն: Նա «զզվելի, մերժելի» է անվանել Թրամփի ներկայացրած բյուջետային օրինագիծը, որը մայիսին էր ընդունվել Ներկայացուցիչների պալատում:
«Ներողություն, բայց ես այլևս չեմ կարող հանդուրժել։ Այս վրդովեցուցիչ, խոզի բաժիններով ծախսային օրինագիծը զզվելի ու մերժելի է։ Ամոթ նրանց, ովքեր կողմ են քվեարկել»,- գրել է Մասկը X սոցիալական ցանցում։
ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչության (DOGE-խմբ.) նախկին ղեկավար Մասկը նշել է, որ այս օրենսդրական նախաձեռնությունը կարող է էապես մեծացնել ԱՄՆ-ի բյուջետային դեֆիցիտը և ամերիկացի քաղաքացիներին «անտանելի պարտքի բեռի տակ» դնել։
Մայիսի 29-ին հայտնի է դարձել, որ Մասկը լքում է ԱՄՆ նախագահի վարչակազմը՝ իր ծախսերի կրճատման բարեփոխումների ձախողման և նախագահի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Մասկն ընդգծել էր, որ ցանկանում է կենտրոնանալ իր բիզնեսի վրա, որն սկսել է մեծ վնասներ կրել միլիարդատիրոջ քաղաքական ակտիվության հետևանքով։