ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն Ստամբուլում, որտեղ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը, ABC News-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Կիտ Քելլոգը:
«Երբ հաջորդ շաբաթ հասնենք Ստամբուլ, մենք կնստենք բանակցությունների սեղանի շուրջ և կքննարկենք՝ ինչպես դա պետք է իրականացվի։ Մեզ հետ կլինեն Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները, կհայտնեն իրենց տեսակետը», – ասել է Քելլոգը՝ չճշգրտելով՝ արդյոք արևմտյան ներկայացուցիչները կմասնակցեն ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպմանը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Ուկրաինայի հետ Ստամբուլում նախատեսվող բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 2-ին։ Նա հայտարարել էր, որ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին Ուկրաինային կհանձնի Մոսկվայի մշակած հուշագիրը՝ նվիրված ճգնաժամի խորքային պատճառների հաղթահարման բոլոր կողմերին։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել մայիսի 16-ին։ Այն ավարտվել էր ռազմագերիների փոխանակման շուրջ պայմանավորվածությամբ՝ «1000 դիմաց 1000» ձևաչափով, ինչպես նաև՝ կողմերի՝ հնարավոր հրադադարի վերաբերյալ սեփական պատկերացումների ներկայացմամբ։ Երկու կողմերն էլ գոհունակություն էին հայտնել հանդիպման արդյունքներից։