Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ տասը փորձագետից բաղկացած խումբ է նշանակել և լիազորել է աշխատել նոր Սահմանադրության վրա, հաղորդում է AP-ն:
«23 տարի շարունակ մենք բազմիցս ցույց ենք տվել մեր անկեղծ մտադրությունը՝ մեր ժողովրդավարությունը պսակելու քաղաքացիական ազատությունների նոր Սահմանադրությամբ»,- նշել է նա:
Քննադատներն ընդգծել են, որ նոր Սահմանադրությունը կարող է թույլ տալ Էրդողանին մնալ իշխանության ղեկին նաև 2028 թվականից հետո, երբ ավարտին կմոտենա նրա ներկայիս նախագահական ժամկետը: Գործող Սահմանադրության համաձայն՝ Էրդողանն այլևս չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին։
Էրդողանը Թուրքիայի ղեկավար էր դարձել 2014 թվականի օգոստոսի 28-ից։ Նա հանդիսանում է Թուրքիայի 12-րդ նախագահը և առաջինը, ով ընտրվել է ժողովրդի ուղղակի քվեարկությամբ։ Մինչ այդ՝ 2003-ից մինչև 2014 թվականը, Էրդողանն զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։
2023 թվականի մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանը վերընտրվել էր և հունիսի 3-ին պաշտոնապես ստանձնել իր երրորդ նախագահական ժամկետը։
Ըստ ներկայիս Սահմանադրության՝ սա նրա երկրորդ և վերջին ժամկետն է։ Մայիսի 22-ին Էրդողանը հայտարարել էր, որ մտադրություն չունի կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում։