Հարավային Կովկասում Ռուսաստանը Թուրքիայի հետ փոխգործակցության փորձ ունի, և այն ապացուցել է իր արդյունավետությունը, Մոսկվայում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նա շեշտել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի ձևաչափով փոխգործակցության կարևորությունը։ Հարթակում ընդգրկված են տարածաշրջանային երեք երկրներ՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը և նրանց երեք տարածաշրջանային մեծ հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։
«Այդ ձևաչափն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը։ Մենք կշարունակենք նրա աշխատանքը»,- ասել է Լավրովը։
Ֆիդանն, իր հերթին, Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում աջակցություն է հայտնել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին:
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ մայիսի 25-27-ը Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Լավրովի հրավերով աշխատանքային այցով կլինի Մոսկվայում՝ «երկկողմ և միջազգային հարցերի լայն շրջանակի շուրջ բանակցություններին մասնակցելու համար»։ Գերատեսչությունը նշել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասով։
Մայիսի 22-23-ը Լավրովը Հայաստանում էր։ Նա Երևանում հայտարարել էր, որ նախապատրաստվում է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում երկրների ներկայացուցիչների երրորդ հանդիպումը: ՌԴ ԱԳ նախարարը կողմ էր արտահայտվել, որ այդ հանդիպումները կայանան Երևանում և Բաքվում: