Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենան այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ զրույցի հիմնական համատեքստը կլինի Ստամբուլում Ուկրաինայի հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքների վերլուծությունը։ Զրույցի արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։
Ինչ վերաբերում է առաջնորդների անձնական հանդիպմանը, դրա ժամկետները կախված են երկու կողմերի ժամանակացույցերի համաձայնեցումից։ «Հանդիպումը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար կարևոր է մանրակրկիտ նախապատրաստությունը», – նշել է Դմիտրի Պեսկովը։
Մայիսի 16-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայանալիք բանակցությունների նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորումն անհնար է առանց Վլադիմիր Պուտինի հետ իր անձնական հանդիպման։ Նա նշել էր, որ մինչև նրանք չհանդիպեն, «ոչինչ տեղի չի ունենա»։