Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Կիևի անդամակցությունը Եվրամիությանը Հունգարիայի համար ամենամեծ սպառնալիքն է։
Նրա խոսքով` Ուկրաինան մինչ հակամարտությունն էլ արդեն սնանկ երկիր էր և այժմ փորձում է հնարավորինս արագ միանալ համայնքին, որպեսզի «ստանա ուրիշների փողերը», ինչն էլ Եվրոպային «կտա պատերազմ, կկործանի ֆերմերներին և եվրոպական երկրները կհեղեղի հանցագործություններով»:
«Այսօր ամենամեծ վտանգն Ուկրաինայի անդամակցությունն է ԵՄ-ին: Ես հասկանում եմ նրանց. երկիրն ավերված է, նույնիսկ պատերազմից առաջ Ուկրաինան սնանկ երկիր էր, սնանկ է նաև հիմա, պատերազմի ժամանակ և հետո էլ կլինի: Նրանք չեն կարող իրենց ոտքերի վրա կանգնել, նրանց փող է պետք, նրանց ուրիշի փողերն են պետք։ Ահա թե ինչու են ուզում ամեն գնով և անհապաղ մտնել ԵՄ»,- ասել է Օրբանը։
Հունգարիայի առաջնորդի կարծիքով՝ Կիևին չի հետաքրքրում այն, որ դա հակամարտությունը կտարածի Եվրոպայի վրա, կսնանկացնի եվրոպայի ֆերմերներին, և Բուդապեշտը կդառնա Եվրոպա տանող դարպասներն «ուկրաինական մաֆիայի» համար։
Օրբանը նշել է, որ Բրյուսելում ցանկանում են Հունգարիան գաղութի վերածել, և հաջորդ ընտրություններում իշխանության բերել ուկրաինամետ և Բրյուսելին կողմ ընդդիմությանը։
«Հունգարիայի դեմ ուկրաինական հատուկ ծառայությունների ակցիաներն ու արտերկրից հովանավորվող զրպարտանքների քարոզարշավն իրականցվում են նույն նպատականերով»,- հավելել է նա։