Միացյալ Նահանգներն Իրանի հետ հարաբերություններում կանգնած է կարևոր որոշման առջև՝ Թեհրանի կողմից միջուկային զենք մշակելու ջանքերը կասեցնելու համար, Fox News-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Իրանի հետ համաձայնագիր կնքել, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի ստեղծումից։
«Թրամփը հույս ունի, որ Իրանը կգնահատի առաջարկը, քանի որ համաձայնագիրը չի կարող հավերժ մնալ սեղանին»,- ասել է Ռուբիոն։
Նա հույս է հայտնել, որ Իրանի ղեկավարները կընտրեն «խաղաղության և բարգավաճման ուղին, այլ ոչ թե կործանման»։
Ռուբիոն անդրադարձել է նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումն ուկրաինական ճգնաժամի կարգավորման «միակ հնարավորությունն» է։
Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 12-ին, 19-ին, 26-ին և մայիսի 12-ին Օմանի միջնորդությամբ բանակցությունների չորս փուլ էին անցկացրել՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու նպատակով:
Թրամփը մայիսի 14-ին հայտարարել էր, որ Սպիտակ տան վարչակազմը պատրաստ է առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա և զրկել նավթ արտահանելու հնարավորությունից, եթե երկու կողմերին չհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: