Անկարայում ավարտվել է Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, որն, ըստ թուրքական ԶԼՄ-ների, տևել է մոտ երեք ժամ, հայտնել է «Կոմերսանտը»։
Reuters-ի տեղեկություններով՝ Ուկրաինան պատրաստ է Ստամբուլ ուղարկել իր պատվիրակությունը՝ լսելու ռուսական կողմի դիրքորոշումը։ Գործակալության աղբյուրը նշել է, որ Կիևը չի բացառում բանակցությունները, եթե Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակությունը «պատրաստ է լուրջ երկխոսության»։
Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ ներկայումս Ստամբուլում է ռուսական պատվիրակությունը և մի քանի ամերիկացի պաշտոնյա, հավելել է «Կոմերսանտը»։
Պարբերականը նշել է, որ բանակցությունների մեկնարկի ճշգրիտ ժամանակը դեռ չի որոշվել։
«ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները տեղափոխվել են օրվա երկրորդ կես՝ Թուրքիայի նախաձեռնությամբ»,- ասված է հրապարակման մեջ։
Ավելի ուշ Զախարովան հայտարարել է, որ «ռուսական պատվիրակությունը պատրաստ է աշխատել Ստամբուլում, իսկ Արևմուտքը պետք է Կիևին վերցնի ու նստեցնի բանակցությունների սեղանի շուրջ»։
Մայիսի 11-ին Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Ավելի ուշ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է հանդիպել։ ՌԴ նախագահը մայիսի 14-ի երեկոյան հաստատել էր Ստամբուլ մեկնող ռուսական պատվիրակության կազմը, ինքը, սակայն, Ստամբուլ չի մեկնի։
Մայիսի 15-ին բանակցություններին ընդառաջ Անկարայում մեկնարկել էր Էրդողանի և Զելենսկու հանդիպումը։