Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն Արմեն Թամզարյանին նշանակել է նահանգի վերաքննիչ դատարանի դատավորի օգնական, իսկ Մելիսա Բալոյանին՝ Ֆրեզնոյի շրջանի Գերագույն դատարանի դատավոր, տեղեկացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:
Թամզարյանը 2013 թվականից զբաղեցնում էր Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնը: Նա իրավագիտության դոկտորի կոչում է ստացել Southwestern Law School-ում, հրատարակել է հոդվածներ և ելույթ ունեցել հայ համայնքին վերաբերող թեմաներով:
«Նրա ինտելեկտը, ազնվությունն ու արդարության հանդեպ նվիրվածությունը երկար ժամանակ հարստացրել են ինչպես մեր համայնքը, այնպես էլ իրավաբանի մասնագիտությունը»,- հայտարարել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Լյուսի Վարպետյանը:
2023 թվականից Բալոյանն աշխատում է որպես փաստաբան։ Նա նախկինում զբաղեցրել է The Martian Firm-ի ավագ փաստաբանի, Մադերա և Ֆրեզնո շրջանների շրջանային դատախազի օգնականի, քաղաքային դատախազի օգնականի և հանրային պաշտպանի պաշտոնները։