ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է մայիսի 15-ին Ստամբուլում Ուկրաինայի հետ կայանալիք բանակցություններին Ռուսաստանի պատվիրակության կազմը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Կազմում ընդգրկվել են նաև ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Իգոր Կոստյուկովը, Պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:
Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Թուրքիայում կսպասի Ռուսաստանի նախագահին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 12-ին հայտարարել էր, որ «մտածում է» Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Կատար կատարած այցերից հետո Ստամբուլ ուղևորվելու մասին՝ այդ բանակցություններին մասնակցելու նպատակով։