ՌԴ ՔԿ-ն ադրբեջանցի բլոգեր Հուսեյն Հասանովին մեղադրում է 170 մլն ռուբլի (ավելի քան 211 հազար դոլար) հարկ թաքցնելու մեջ։
«Հետաքննության տվյալներով՝ 2019-2021 թվականներին Հասանովը խուսափել է ավելի քան 170 մլն ռուբլի հարկեր վճարելուց։ Նշված միջոցների իրավաչափ տիրապետման, օգտագործման և տնօրինման տեսանելիություն տալու նպատակով նա օրինականացրել է դրանց մի մասը՝ ավելի քան 20 մլն ռուբլու չափով՝ ֆինանսական գործարքների միջոցով»,- ասվում է ՌԴ ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Բլոգերը, մեկնաբանելով իր հեռակա ձերբակալությունը, Instagram-ում գրել է, որ «իրականում ամեն ինչ այնքան էլ դրամատիկ չէ»: Նա պնդել է, որ հարկերի հետ կապված բոլոր հարցերը լուծվել են դեռ նախորդ տարի։
Հասանովի Instagram-ի էջն ավելի քան 30,4 մլն հետևորդ ունի։ Բլոգերն ակտիվորեն առաջ է տանում իր սեփական դասընթացը, որը կոչվում է «Միլիոնատիրոջ մտածողություն», որի շրջանակներում խոստանում է սովորեցնել «վաստակելու ազնիվ ուղիներ» և օգնել ֆինանսական դժվարությունները հաղթահարելու գործում, ներառյալ՝ վարկերի մարումը:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի դատարանը հեռակա ձերբակալել է ադրբեջանցի բլոգերին՝ փողերի լվացման գործով։