Մեծ Բրիտանիայի վերաքննիչ դատարանը բեկանել է 68-ամյա տղամարդու դատավճիռը, որը կեղծ մեղադրանքով բանտում է անցկացրել 38 տարի, գրում է The Guardian-ը: Այս դեպքը ճանաչվել է երկրի պատմության մեջ «ամենաերկար ձգված դատական սխալը»:
Փիթեր Սալիվանը դատապարտվել էր 1987 թվականին՝ 21-ամյա Դիանա Սինդալի սպանության համար։ Կնոջը բռնաբարել և ծեծելով սպանել էին, երբ նա վերադառնում էր աշխատանքից: Սալիվանը, քննության տվյալներով, այդ օրը գտնվել է հարբած վիճակում։ Տղամարդը բազմիցս պնդել է իր անմեղության մասին, իսկ նրա փաստաբանները երկու անգամ փորձել են հասնել դատավճռի չեղարկմանը։
Սալիվանի անմեղությունը հաջողվել է ապացուցել միայն հիմա՝ ԴՆԹ-ի շնորհիվ։ Թեստերը ցույց են տվել, որ տղամարդը երբեք հանցագործության վայրում չի գտնվել:
«Ես չարացած չեմ։ Ես պարզապես ուզում եմ հնարավորինս շուտ վերադառնալ իմ սիրելիների և ընտանիքի մոտ, քանի որ պետք է առավելագույնս օգտագործեմ այն, ինչ մնացել է այս աշխարհում ինձ տրված գոյությունից»,- ասել է նա: