Ռուսական պատվիրակությունը Ստամբուլում կսպասի Ուկրաինայի ներկայացուցիչներին, «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ, նա չի բացահայտել Ռուսաստանի կողմից բանակցային խմբի կազմը, մասնավորապես, թե արդյոք նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի՞ Ստամբուլ, թե՞ ոչ:
Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Թուրքիայում կսպասի Ռուսաստանի նախագահին։
ԱՄՆ նախագահը մայիսի 12-ին հայտարարել էր, որ «մտածում է» Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Կատար կատարած այցերից հետո Ստամբուլ ուղևորվելու մասին՝ մասնակցելու այդ բանակցություններին։