Հայկական ծագմամբ երկու ավստրալացի՝ Ժիզել Կապտերյանը և Թիմ Ուիլսոնը, մտադիր են 2025 թվականի ընտրություններից հետո անցնել Ավստրալիայի դաշնային խորհրդարան, հայտնում է 301-ը։
Կապտերյանը փոքր տարբերությամբ հաղթանակ է տարել Սիդնեյի հյուսիսային ափին գտնվող Բրեդֆիլդ շրջանում՝ ավելի քան 200 ձայնով առաջ անցնելով անկախ թեկնածու Նիկոլետ Բոելից։
Նշվում է, որ մեկ այլ առանցքային մրցակցությունում Ուիլսոնը 1362 ձայնով առաջ է անցնել անկախ թեկնածու Զոի Դանիելից, իսկ փոստային քվեարկության արդյունքները մեծապես փոխվել են նրա օգտին: Նրա առաջադրվելու մտադրության մասին հայտնի էր դարձել 2024 թվականի փետրվարին։
Կապտերյանի հայկական ծագումը կենտրոնական դեր է խաղում նրա ինքնության և քաղաքական ուղու մեջ։ Նա Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռնուհի է, ովքեր ապաստան են գտել Երուսաղեմում՝ նախքան նրա ծնողների Սիդնեյ տեղափոխվելը։ Նա ծնվել և մեծացել է Հյուսիսային Ուիլոուբիում:
Խորապես ներգրավված լինելով հայ-ավստրալական համայնքում՝ Կապտերյանն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի վարչության անդամ էր և գլխավորում էր ավստրալացի քաղաքական գործիչների պատվիրակությունը, որը 2023 թվականին այցելել էր Հայաստան՝ արցախցի փախստականներին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Նա շարունակում է հանդես գալ Հայոց ցեղասպանության ճանաչման և Ավստրալիայի ու Հայաստանի միջև կապերի ամրապնդման օգտին:
Ուիլսոնի մորական կողմի պապը Հայոց ցեղասպանությունը վերապրածներից է և ոգեշնչման աղբյուր է դարձել նրա համար: