ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացնել 22 առաջարկներից բաղկացած ցուցակ, որոնք պետք է նպաստեն Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցմանը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով NBC հեռուստաալիքի աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ պայմանների ցանկը մշակվել է ԱՄՆ-ի, Եվրոպական երկրների և Ուկրաինայի բանակցողների կողմից։ Փաստաթուղթը ներառում է 30-օրյա հրադադարի առաջարկ, ինչպես նաև «բավարարում է Պուտինի պահանջն այն մասին, որ ԱՄՆ-ը չի աջակցի Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին»:
Թե կոնկրետ երբ Ուիտկոֆը ծրագիրը կներկայացնի Ռուսաստանի նախագահին, NBC-ն չի հայտնում։
Այսօր ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտնել էր, որ Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադարի գետնի վրա, օդում և ծովում։ Մայիսի 8-ից մեկնարկել էր ՌԴ նախագահի առաջարկած եռօրյա հրադադարը: