Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին՝ Օմանում:
«Օմանի ընկերները մեզ հարցրել են կիրակի օրվա մասին, և մենք համաձայնել ենք»,- հայտնել է նա Telegram ալիքում:
Արաղչին ընդգծել է, որ բանակցությունների անցկացման ճշգրիտ ժամանակը և վայրը կորոշի ընդունող կողմը:
Այսօր ավելի վաղ Tasnim գործակալությունը հայտնել էր, որ ՄԱԳԱՏԷ-ն խորհրդակցություններ է անցկացնում Թեհրանի հետ իրանա-ամերիկյան բանակցությունների շուրջ։
Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 12-ին, 19-ին և 26-ին Օմանի միջնորդությամբ բանակցությունների երեք փուլ էին անցկացրել Մասկատում և Հռոմում ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու նպատակով:
Մայիսի 3-ին նախատեսված անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել էր պատվիրակությունների ծրագրերի անհամապատասխանության պատճառով։