Եվրոպացի օգտատերերի տվյալներն անօրինական կերպով Չինաստան փոխանցելու հիմքով Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողովը 530 մլն եվրոյով տուգանել է TikTok սոցիալական մեդիա հարթակի սեփականատեր ByteDance ընկերությանը, հայտնել է Politico-ն։
ByteDance-ին հանձնաժողովից 6 ամիս ժամանակ են տվել խախտումները շտկելու համար։
Հանձնաժողովի տվյալներով՝ ընկերությունը TikTok-ի եվրոպացի օգտատերերի տվյալները պահել է Չինաստանում գտնվող սերվերներում, որոնց հասանելիություն կարող էին ունենալ չինական իշխանությունները։
«Սա Եվրոպական միության գործող կանոնների խախտում է․ դրանք արգելում են եվրոպացիների մասին տեղեկատվության փոխանցումն այլ երկրների իշխանություններին»,- ասված է հրապարակման մեջ։
TikTok-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ բողոքարկելու են կարգավորող մարմնի որոշումը, նաև նշել, որ իրենք Չինաստանի իշխանություններից երբեք եվրոպացի քաղաքացիների վերաբերյալ տվյալների հարցումներ չեն ստացել և երբեք նման տվյալներով չեն կիսվել նրանց հետ։