ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել է, որ Իրանից նավթի և նավթամթերքի գնորդները կբախվեն երկրորդական պատժամիջոցների։
«Ցանկացած երկիր կամ անձ, որն Իրանից գոնե ինչ-որ քանակությամբ նավթ կամ նավթամթերք կգնի, անմիջապես կբախվի երկրորդական պատժամիջոցների»,- գրել Է նա Truth Social սոցցանցի իր էջում:
Նախագահն ընդգծել է, որ գնորդ երկրներին և անձանց «թույլ չեն տա որևէ ձևով բիզնես վարել ԱՄՆ-ի հետ»:
Ապրիլի 30-ին Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել իրանական նավթամթերքի և նավթաքիմիական արտադրանքի առևտրով զբաղվող յոթ ընկերության նկատմամբ։ Ըստ ԱՄՆ-ի՝ տվյալ ընկերություններն իրանական ծագման նավթաքիմիական արտադրանքն ուղարկում են երրորդ երկրներ և թույլ են տալիս Իրանին շրջանցել պատժամիջոցները և շարունակել եկամուտ ստանալ: