Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել է պատվիրակությունների ծրագրերի անհամապատասխանության պատճառով, հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալ-Բուսայդին։
«Լոգիստիկայի նկատառումներից ելնելով՝ մենք վերանայել ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև հանդիպման անցկացման ժամկետները, որն ի սկզբանե նախատեսված էր մայիսի 3-ին»,- X-ում գրել է Ալ-Բուսայդին:
Նրա խոսքով՝ «նոր ժամկետները կհայտարարվեն, երբ երկու կողմերն էլ համաձայնեցնեն դրանք»:
Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների նոր ամսաթիվ կնշանակվի՝ «կախված ԱՄՆ-ի մոտեցումից», փոխանցել է Reuters-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի:
«Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ժամանակ կողմերին չեն օգնում դիվանագիտական ճանապարհով կարգավորել միջուկային վեճը»,- գործակալությանն ասել է պաշտոնյան:
Ապրիլի 30-ին Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել իրանական նավթամթերքի և նավթաքիմիական արտադրանքի առևտրով զբաղվող յոթ ընկերության նկատմամբ։
Ապրիլի 12-ին երկու երկրների ներկայացուցիչներն Օմանում անուղղակի բանակցություններ էին վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ըստ լրատվամիջոցների՝ Թեհրանը Վաշինգտոնին հայտնել էր, որ պատրաստ է սահմանափակել ուրանի հարստացումը, եթե իրեն տրվեն հուսալի երաշխիքներ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին չի հրաժարվի գործարքից։ Վաշինգտոնը 2018-ին՝ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում, միակողմանինորեն դուրս է եկել միջուկային համաձայնագրից և սահմանափակումներ մտցրել Թեհրանի նկատմամբ:
Ապրիլի 19-ին Հռոմում անցկացվել էր Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ 4 ժամ տևած բանակցությունների ընթացքում պատվիրակությունները ավելի մեծ փոխըմբռնման էին հասել մի շարք հարցերի շուրջ։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Վաշինգտոնը դեռևս չի փորձել հատել Թեհրանի «կարմիր գծերը» և չի ձգտել բանակցային օրակարգում ներառել միջուկային ծրագրից դուրս հարցեր։
Ապրիլի 26-ին Օմանում ավարտվել էր Միացյալ Նահանգներ-Իրան միջուկային բանակցությունների երրորդ փուլը։ Քննարկումը վերաբերել էր Թեհրանի նկատմամբ որոշ պատժամիջոցների վերացման հեռանկարին՝ միջուկային գործունեության վերաբերյալ որոշակի պահանջների կատարման պայմանով։