Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային դատապարտել է Վաշինգտոնի կողմից Թեհրանի և նրա գործընկերների դեմ առևտրատնտեսական ոլորտում պատժամիջոցների նոր փաթեթի ներդրումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարությանը։
«Խստորեն դատապարտում ենք ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանում ֆիզիկական և իրավաբանական, ինչպես նաև մի շարք այլ երկրների ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսլամական Հանրապետության հետ տարբեր տնտեսական և առևտրային ոլորտներում նրանց համագործակցության պատրվակով»,- ասվում է հաղորդագրությունում։
Ապրիլի 30-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել իրանական նավթամթերքի և նավթաքիմիական արտադրանքի առևտրով զբաղվող յոթ ընկերության նկատմամբ և երկու նավ հայտարարել որպես արգելափակված սեփականություն։
Ապրիլի 12-ին երկու երկրների ներկայացուցիչներն Օմանում անուղղակի բանակցություններ էին վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ըստ լրատվամիջոցների՝ Թեհրանը Վաշինգտոնին հայտնել էր, որ պատրաստ է սահմանափակել ուրանի հարստացումը, եթե իրեն տրվեն հուսալի երաշխիքներ, որ Թրամփը կրկին չի հրաժարվի գործարքից։ Վաշինգտոնը 2018-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում, միակողմանիորեն դուրս էր եկել միջուկային համաձայնագրից և սահմանափակումներ մտցրել Թեհրանի նկատմամբ:
Ապրիլի 19-ին Հռոմում անցկացվել էր Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Վաշինգտոնը դեռևս չի փորձել հատել Թեհրանի «կարմիր գծերը» և չի ձգտել բանակցային օրակարգում ներառել միջուկային ծրագրից դուրս հարցեր։ Ապրիլի 26-ին Օմանում ավարտվել էր ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների երրորդ փուլը։