Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման «պլան Բ» է պատրաստում այն դեպքում, եթե ԱՄՆ-ն դուրս գա Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններից, Financial Times-ին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը:
«ԵՄ-ն «պլան Բ» է պատրաստում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները պահպանելու համար, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվի Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններից և փորձի մերձենալ Մոսկվայի հետ»,- պարբերականը մեջբերել է Կալլասի խոսքը:
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը մտածում է՝ արժե՞ արդյոք դուրս գալ ուկրաինական կարգավորման գործընթացից՝ դրա բարդության պատճառով։ Միևնույն ժամանակ՝ ԵՄ դիվանագիտության ղեկավարը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը պետք է աշխատի ստեղծված հանգամանքներում և չպետք է շատ կենտրոնանա «պլան Բ»-ի վրա, որպեսզի իրավիճակի արմատական շրջադարձ չլինի:
Կալլասը հավելել է, որ բանակցություններ են ընթանում Վաշինգտոնի և միջազգային այլ գործընկերների հետ՝ Ռուսաստանի նկատմամբ «արևմտյան պատժամիջոցների ռեժիմի պահպանումը» երաշխավորելու համար:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ «պլան Բ-ն» հաշվի է առնում հուլիսին հակառուսական պատժամիջոցների երկարաձգումը Հունգարիայի կողմից արգելափակելու հնարավորությունը:
Ապրիլի 10-ին Թրամփն ստորագրել էր հրամանագիր, որով մեկ տարով երկարաձգել էր Ռուսաստանի դեմ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից սահմանված պատժամիջոցների փաթեթը։