Ուկրաինան ակնկալում է, որ Միացյալ Նահանգների անվտանգության երաշխիքները կլինեն նույնքան ուժեղ, որքան Իսրայելին տրված երաշխիքները, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն երկիրն ունի անվտանգության երաշխիքներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից, ավելի վաղ ընդգծել էր Ուկրաինայի նախագահը։ Նա նշել է, որ նրանք օգնել են հետ մղել Իրանի հարձակումը։
Բացի այդ, Ուկրաինան ակնկալում է իր տարածքում եվրոպական ռազմական կոնտինգենտի տեղակայում, հավելել է Զելենսկին։
«Մենք աշխատում ենք անվտանգության երաշխիքների ենթակառուցվածքի վրա։ Նույնիսկ այնտեղ, որտեղ կան եվրոպական զորքեր, խոսում ենք ԱՄՆ-ի աջակցության մասին»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ ցամաքում, օդում և ծովում, հավելել է նա։
«Գիտեմ, որ ԱՄՆ-ն դրան այդքան էլ դրական չի վերաբերվում, ուստի մենք խոսում ենք հետախուզական աշխատանքի, կիբերպաշտպանության, առաջին հերթին՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի մասին»,- ընդգծել է Զելենսկին։
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։
Մարտի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Մոսկվան համաձայնել էր ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին այն պայմանով, որ դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության:
Ապրիլի 10-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն Ստամբուլում բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել մշակել «ճանապարհային քարտեզ»՝ ամերիկյան իշխանությունների կողմից բռնագրավված վեց ռուսական դիվանագիտական օբյեկտները վերադարձնելու համար։ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Ստամբուլի բանակցությունները «կառուցողական» էին։