Լոնդոնում ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ նախարարական բանակցությունները հետաձգվել են և «տեղափոխվել պաշտոնական բանակցությունների մակարդակի», հայտնել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունից։
«Արտգործնախարարների այսօրվա հանդիպումն Ուկրաինայի խաղաղության բանակցությունների վերաբերյալ հետաձգվում է։ Պաշտոնական մակարդակով բանակցությունները կշարունակվեն, բայց դրանք կլինեն լրատվամիջոցների համար փակ»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Ի սկզբանե նախատեսված էր, որ բանակցություններին կմասնակցեն Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները։
Միաժամանակ, երկկողմ բանակցություններ պետք է տեղի ունենան Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի և նրա բրիտանացի գործընկեր Դեյվիդ Լեմմիի միջև։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի մասնակցի հանդիպմանը։ Պետդեպարտամենտն այս որոշումը բացատրել էր գերատեսչության ղեկավարի զբաղված գրաֆիկով։ Ռուբիոյի փոխարեն Միացյալ Նահանգները Լոնդոնում կներկայացնի նախագահի հատուկ դեսպանորդ Կիտ Քելլոգը։
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը մեկնարկել է ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։
Մարտի 12-ին ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Մոսկվան համաձայնել էր ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին այն պայմանով, որ դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության:
Ապրիլի 10-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն Ստամբուլում բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել մշակել «ճանապարհային քարտեզ»՝ ամերիկյան իշխանությունների կողմից բռնագրավված վեց ռուսական դիվանագիտական օբյեկտները վերադարձնելու համար։ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Ստամբուլի բանակցությունները «կառուցողական» էին։