ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսն անհեթեթ է համարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պնդումը, որ Վաշինգտոնը Մոսկվայի կողմից է, գրում է Unherd-ը։
«Կարծում եմ՝ սա անհեթեթություն է։ Զելենսկին ամերիկյան կառավարությանը, որն աջակցում է Ուկրաինային, համարում է ռուսների կողմնակիցներ», – ասել է նա և հավելել, որ նման հռետորաբանությունը «հակաարդյունավետ է»։
Վենսը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն դատապարտում է Ռուսաստանի գործողությունները 2022 թվականից ի վեր, և բացատրել է, որ հակամարտությունը դադարեցնելու համար վերլուծել է, թե «ինչն են և՛ ռուսները, և՛ ուկրաինացիները համարում իրենց ռազմավարական նպատակները»։
Նրա կարծիքով՝ սա չի նշանակում «աջակցել ռուսական կողմին կամ ներխուժմանը», քանի որ անհրաժեշտ է հասկանալ Մոսկվայի «կարմիր գծերը» և այն, ինչի է փորձում հասնել Կիևը։
Զելենսկին CBS News-ին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ Միացյալ Նահանգներում «ռուսական պատմություններն այժմ գերակշռում են, և ՌԴ-ն տեղեկատվական քաղաքականության հսկայական ազդեցություն ունի ԱՄՆ քաղաքականության վրա»։