Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է նոր համաձայնագրի Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնի միակ պահանջը միջուկային զենքի մշակումը դադարեցնելն է։ Նախարարի խոսքերը փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Ամերիկացիներն ասում են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Մենք համառորեն կրկնում ենք, որ հետաքրքրված չենք միջուկային զենքով։ Եթե սա միակ պահանջն է, համաձայնագիրը հնարավոր է»,- ասել է Թախտ-Ռավանչին։
Իրանցի դիվանագետը շեշտել է, որ Օմանում բանակցությունների հաջողությունը կախված է բոլոր մասնակիցների շրջանում «քաղաքական կամքի» առկայությունից, սակայն զգուշացրել է, որ ցանկացած լրացուցիչ պահանջ կարող է բարդացնել գործընթացը։
Խորհրդակցությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 12-ին՝ Օմանում։ Բանակցությունները տեղի կունենան Մուսկատի միջոցով, այլ ոչ թե ուղղակիորեն։ Միացյալ Նահանգները, որը ներկայացված է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսի կողմից, առաջիկա միջոցառումն ավելի շատ հանդիպում է անվանում, քան լիարժեք բանակցություններ։
Բանակցություններին կմասնակցեն Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը։ Իրանական աղբյուրները հայտնում են, որ համաձայնության հասնելու համար կա շուրջ երկու ամիս, հակառակ դեպքում՝ Իսրայելը կարող է ձեռնարկել իր սեփական գործողությունները։