Երևան քաղաքի ճարտարապետությունը դարձել է Ալեքսանդր Թամանյանի ազգային նեոկլասիցիզմով ընդգծված պատմական հակասությունների ըմբռնման և ընդունման վկայությունը, գրում է իտալական Domus ամսագիրը։ Հոդվածի հեղինակ Կարլա Ռիցոն այսպես է մեկնաբանել Մարկո Մենգիի լուսանկարները, որոնք ներկայացնում են Հայաստանի մայրաքաղաքի ճարտարապետական առանձնահատկությունները։
«Եվրոպական քաղաքային միջավայրում իրենց տեսքով այս շենքերը դառնում են իսկական ճարտարապետական ուղենիշներ՝ պատմական հակասությունների իմաստավորման և ընդունման, ինքնության ձևավորման վկայություններ, որոնք, ձգտելով ինքնավարության, անխուսափելիորեն բախվում են ավելի քան 50-ամյա ռեժիմի ժառանգության բարդությանը: Սակայն, հասցնելով այն դարձնել իր մի մասը, քաղաքի ճարտարապետությունն այդ ժառանգությունը վերածել է իսկական և ինքնատիպ ձևերի», – ասվում է հրապարակման մեջ։
Ըստ Ռիցոյի, Երևանը ներկայացնում է պատկերագրական-շարահյուսական բարդ համակարգ, որը միավորում է խորհրդային լեզուն և արհեստագործական մանրամասների հարուստ ռեպերտուարը: Այստեղ է, որ հայկական ավանդական ճարտարապետության տարրերը համադրվում են դասականության համաչափությունների հետ։
Հեղինակը պատմել է նաև Երևանի ճարտարապետական տեսքի ձևավորման պատմությունը և նշել, որ քաղաքային նախագիծն ավելի է ընդգծում արդեն պատվիրված ցանցի եվրոպական բնույթը՝ չնայած քաղաքի բազմահազարամյա պատմությանը։
Ամսագիրը կարևորել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի դերը, ով մյուսներից ավելի լավ է փոխանցել ոճական ինքնությունների խառնուրդը, որը դեռևս Երևանին տալիս է «իսկական քաղաքային լաբորատորիայի» կերպար։
Հոդվածում մանրամասն ներկայացված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի, «Մայր Հայաստան» հուշարձանի, Հանրապետության հրապարակի, Կասկադի, մետրոյի կայարանների համալիրների և մայրաքաղաքի կինոթատրոնների առանձնահատկությունները։
Հեղինակն ընդգծել է, որ նույնիսկ զուտ ֆունկցիոնալ քաղաքային տարրերը պահպանում են ձևի նույն պլաստիկությունը, ինչի մասին են վկայում Պռոշյան փողոցի բաժանարարը և Կորյունի փողոցի ճոպանուղին։
Միևնույն ժամանակ, Ռիցոն ոչ միանշանակ է գնահատում խորհրդային ժառանգությունն ուրբանիզմում, քանի որ ժամանակակից ճարտարապետությունը դժվարությամբ է հեռանում դրանից՝ երբեմն վտանգելով ընկղմվել «անախրոնիստական ցիտացիոնիզմի մեջ»:
Читайте также: