Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութում հարվածել է «Հըզբոլլահ» շարժման օբյեկտին՝ ի պատասխան Լիբանանից իր տարածքի գնդակոծության, հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը Telegram-ում։
Նշվում է, որ հարձակումը պատասխան է Իսրայելի հյուսիսում Վերին Գալիլեայի շրջանի գնդակոծմանը:
Ավելի վաղ Գազայի հատվածում ՑԱԽԱԼ-ի հարվածների հետևանքով զոհվել էր առնվազն յոթ մարդ, ևս մի քանի բնակիչ վիրավորվել էր: Մինչ այդ Իսրայելի իշխանությունները հավանություն էին տվել Գազայից կամավոր արտագաղթի վարչության ստեղծմանը։
Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարձակումները շարունակվել են՝ կապված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրը մերժելու հետ:
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Փետրվարի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու և այն «մաքրելու» ամերիկյան նոր վարչակազմի ծրագրերն իրականացնել։
Փետրվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է ստանձնել Գազայի հատվածի կառավարումը, այդ թվում՝ ականազերծել տարածքը և քանդել ավերված շենքերը: Նրա ծրագրի համաձայն՝ տարածաշրջանը պետք է վերածվի «Միջին Արևելյան Ռիվիերայի»։ Դա ենթադրում է Գազայի բոլոր բնակիչների կամ մեծ մասի վերաբնակեցում այլ երկրներում։ Արաբական հինգ երկրների արտգործնախարարներ քննադատել էին այս առաջարկը: Թրամփը փետրվարի 26-ին հրապարակել էր արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված տեսահոլովակ, որտեղ ցույց էր տալիս Գազայի հնարավոր ապագան՝ համաձայն իր պլանի։