Ստամբուլի կենտրոնում ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 43 մասնակցի, հայտնել են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը։
Նշվում է, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո մարտի 24-ին Ստամբուլի Սարաչհանե հրապարակում՝ քաղաքապետարանի մոտ, ընդդիմությունը նորից բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել՝ իր բողոքը հայտնելով պաշտոնյայի կալանավորման դեմ։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ ցուցարարների փոքր խմբեր փորձել են ցույցեր անցկացնել նաև Ստամբուլի այլ շրջաններում։
Իմամօղլուն ձերբակալվել էր մարտի 19-ին՝ հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում։ Թուրքիայում հազարավոր մարդիկ նրան աջակցելու նպատակով դուրս էին եկել փողոց։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել ցուցարարներին ցրելու համար, իսկ մարտի 22-ի գիշերը թուրք ոստիկանները ձերբակալել էին 343 ցուցարարի։
Ըստ ցուցարարների՝ քաղաքական գործչի դեմ գործողությունները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնում է 2019 թվականից։ Նա համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդը։