ՀՀ կողմից «Մարգարա» անցակետով Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը մարտի 23-ին հասել է Հալեպ, հայտնում է «Գանձասար» թերթը։
Օժանդակությունը, որը պարունակում է հայկական արտադրության դեղորայք և սննդամթերք, կբաժանվի Հալեպում ու Դամասկոսում։
Նշվում է, որ Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանն օգնությունը հանձնել է Հալեպի փոխնահանգապետ Ֆավազ Հիլալին։
«Պատմականորեն սիրիացի և հայ ժողովուրդները բարեկամական կապեր են ունեցել և իրար փոխօգնության հասել։ Մաղթում եմ, որ սիրիացի ժողովուրդը շուտով հաղթահարի դժվար պահերը և Սիրիան դառնա բարգավաճ երկիր»,- ասել է Խարազյանը։
Հիլալը շնորահակալություն է հայտնել հայ ժողովրդին և կառավարությանն առաքված օժանդակության համար՝ ավելացնելով, որ Հայաստան-Սիրիա բարեկամական հարաբերությունները զարգացման ամուր ենթահող ունեն։
ՀՀ կառավարությունը մարտի 20-ի նիստում որոշում էր կայացրել մարտի 21-31-ը հայ-թուրքական սահմանի «Մարգարա» սահմանային անցակետը բացելու վերաբերյալ՝ Թուրքիայի տարածքով ցամաքային ճանապարհով Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխելու նպատակով: Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում էր սնունդ և բժշկական պարագաներ։
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը շնորհակալություն էր հայտնել թուրք գործընկերներին՝ Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու հարցում համագործակցության համար։