Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է ապրիլի 28-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Ես հենց նոր խնդրեցի Կանադայի գլխավոր նահանգապետ Մերի Սայմոնին ցրել խորհրդարանը և ընտրություններ նշանակել ապրիլի 28-ին»,- ասել է Քարնին ազգային հեռուստատեսությամբ հեռարձակված հատուկ ուղերձում:
Վարչապետը բացատրել է, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը թելադրված է երկրի տնտեսության մեջ առկա խնդիրներն արագ շտկելու և ամերիկյան վարչակազմի սակագնային քաղաքականությանը արձագանքելու անհրաժեշտությամբ։ Դա անելու համար նա և նրա կառավարությունը բնակչության «ուժեղ աջակցության» կարիքն ունեն, հավելել է Քարնին։
Քարնին Կանադայի 24-րդ վարչապետն է։ Հունվարի 6-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ մտադիր է հրաժարական տալ Լիբերալ կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոններից, երբ որոշվի կուսակցության նոր ղեկավարը։ Նա Կանադայի վարչապետն էր 2015 թվականից։