Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականի համաձայնագրի վերականգնումն անհնար է։
«Իմ կարծիքով՝ 2015 թվականի համաձայնագիրն իր ներկայիս տեսքով չի կարող վերականգնվել։ Այն չի բխում մեր շահերից, քանի որ միջուկային իրավիճակն զգալիորեն առաջ է անցել, և մենք այլևս չենք կարող վերադառնալ նախկին պայմաններին»,- նրա խոսքը մեջբերում է Reuters-ը։
Միևնույն ժամանակ՝ նախարարն ասել է, որ 2015 թվականի համաձայնագիրը դեռ կարող է «բանակցությունների հիմք և մոդել» լինել։ Նա կրկին ընդգծել է, որ եթե Վաշինգտոնը չփոխի ճնշման իր քաղաքականությունը, ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնար են։
Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը վերականգնելու մասին: Ավելի ուշ նա հայտարարել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ առաջարկելով քննարկել միջուկային ծրագիրը: Խամենեին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողությունների, ինչպես նաև մերժել էր Վաշինգտոնի հետ բանակցությունների հնարավորությունը: