ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակում երկամսյա ժամկետ է սահմանել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման համար, հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակությունը նշում է, որ պարզ չէ՝ երկամսյա ժամկետը սկսվում է նամակի առաքման պահից, թե բանակցությունների մեկնարկի պահից։
«Բայց եթե Իրանը մերժի Թրամփի կոչը և չբանակցի, Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական գործողությունների հավանականությունը կտրուկ կմեծանա»,- գրում է Axios-ը։
ԱՄՆ նախագահը փետրվարի 4-ին հրամանագիր էր ստորագրել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը վերսկսելու մասին։
Մարտի 7-ին Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Խամենեիին՝ առաջարկելով քննարկել միջուկային ծրագիրը։ Թրամփը, գործարք չկնքելու դեպքում, Իրանին սպառնացել էր «հետևանքներով»։ Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցի «ահաբեկման» ներքո: