ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի և կոչ արել ազատ արձակել բանտարկյալներին։
X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ Ուոլցն ասել է, որ այս շաբաթ զրուցել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։
«Ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել և համաձայնել են խաղաղության պայմանագրին։ Բայրամովին ասել եմ, որ պետք է ավարտել այս խաղաղ համաձայնագիրը հիմա, ազատել բանտարկյալներին և միասին աշխատել տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար»,- ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը։
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն ավարտվել է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին պատմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։