Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտության հարցերով խորհրդական Անվար Գարգաշն Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը՝ ուղղված Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային բնույթի հարցերի շուրջ, ասվում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է փաստաթղթում, Արաղչին ընդգծել է տարածաշրջանի երկրների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ Մերձավոր Արևելքի երկրների շահերի ապահովման նպատակով։ Գարգաշը հայտարարել է, որ ԱՄԷ-ն պատրաստ է զարգացնել հարաբերություններն Իրանի հետ:
Թրամփը բազմիցս Իրանին սպառնացել է ռազմական ուժ կիրառել այն դեպքում, եթե Թեհրանն իրանական միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ գործարքի չգնա: Ամերիկացի առաջնորդը հրամանագիր էր ստորագրել առավելագույն ճնշման քաղաքականությանը վերադառնալու մասին՝ հայտարարելով, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստանալ:
ԱՄՆ նախագահը փետրվարի 4-ին հրամանագիր էր ստորագրել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը վերսկսելու մասին, այդ թվում՝ իրանական նավթի արտահանման կրճատմանն ուղղված միջոցառումները։ Միաժամանակ՝ նա հայտնել էր բանակցությունների և Թեհրանի հետ «հիանալի գործարք» կնքելու պատրաստակամության մասին։
Փետրվարի 7-ին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողության և բացառել էր բանակցությունները։ Փետրվարի 9-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ նախընտրում է գործարք կնքել Իրանի հետ, քան հարվածել երկրին:
Մարտի 7-ին Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Խամենեիին՝ առաջարկելով քննարկել միջուկային ծրագիրը։ Թրամփը, գործարք չկնքելու դեպքում, Իրանին սպառնացել էր «հետևանքներով»։ Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցի «ահաբեկման» ներքո: