Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդն ու քրիստոնյա մի շարք եկեղեցիների առաջնորդներ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին ուղղված նամակում կոչ են արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման համար, հայտնում է «Արմենպրես»-ը։
Նամակն ստորագրել են եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանը (ՄԹ-ում Հայ եկեղեցու թեմ), արքեպիսկոպոս Անգաելոսը (Լոնդոնի Ղպտի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս և ՄԹ-ում Պապական լեգատ), մետրոպոլիտան Նիկիտասը (Թյաթեյրայի և Մեծ Բրիտանիայի արքեպիսկոպոս, Հույն ուղղափառ եկեղեցի, Տիեզերական Պատրիարքություն), գերապատիվ Ջեյմս Կարրին (Վեստմինսթերի օժանդակ եպիսկոպոս, Կաթոլիկ եկեղեցի), արքեպիսկոպոս Աթանասիուս Թոման (Մեծ Բրիտանիայում Ասորի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս), գերապատիվ Քրիստոֆեր Չեսունը (Սադոքի եպիսկոպոս, Անգլիկան եկեղեցի), գերապատիվ Նիկոլաս Բեյնսը (Լիդսի Եպիսկոպոս, Անգլիկան եկեղեցի), գերապատիվ Տեր Ֆիլիպ Մունստեֆենը (Վինչեսթերի եպիսկոպոս, Անգլիկան եկեղեցի), եպիսկոպոս Մայք Ռոյալը (Գլխավոր քարտուղար, Եկեղեցիները միասին՝ Անգլիայում)։
Նրանք մտահոգություն են հայտնել հայ ժողովրդի նկատմամբ շարունակվող Մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, մասնավորապես՝ ալիևյան ռեժիմի կողմից Ադրբեջանում 23 հայերի անազատության մեջ ապօրինի պահելու կապակցությամբ:
«Արցախից (Լեռնային Ղարաբաղ) 120 000 հայերի բռնի տեղահանումից հետո, 2023թ․ Ադրբեջանը կամայականորեն ձերբակալել, կալանքի տակ է առել և շինծու հիմքերով մեղադրանքներ է առաջադրել Արցախ կառավարություն 23 պաշտոնյաների և ռազմագերիների, ինչպես նաև քաղաքացիական անձանց նկատմամբ: Այս անձինք, արդար դատավարության բոլոր հիմնական սկզբունքների խախտմամբ, այժմ դատաքննության են ենթարկվում: Նրանք զրկված են իրենց ընտրությամբ իրավական ներկայացուցչությունից, իսկ փաստաբաններին, օտարերկրյա դիտորդներին և լրագրողներին արգելվում է մուտք գործել դատարանի դահլիճ կամ, նույնիսկ, երկիր։ Կալանավորները ենթարկվել են և շարունակում են ենթարկվել դաժան վերաբերմունքի»,- ասվում է նամակում:
Քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիչները նշել են, որ գերիներին կալանքի տակ պահելը և ընթացող դատավարությունը Մարդու միջազգային իրավունքների և Միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ և կոպտագույն խախտում է հանդիսանում, որը դատապարտվել է բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:
Նրանք հիշեցրել են Ադրբեջանում BBC-ի գործունեության դադարեցման և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման մասին։
«Կալանավորները լիովին մեկուսացված են, և մեծանում են նրանց նկատմամբ վերաբերմունքի և բարեկեցության հետ կապված լուրջ մտահոգությունները: Նրանց առողջության վատթարացման նշանները գնալով ավելի ակնհայտ են դառնում: Թերևս ամենահայտնի կալանավորը՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արդեն երկու շաբաթ է, ինչ գտնվում է հացադուլի մեջ՝ ի նշան բողոքի»,- շեշտել են նրանք:
Քրիստոնյա առաջնորդները խնդրել են վարչապետին վճռական քայլեր ձեռնարկել և կոչ անել անհապաղ ազատ արձակել բանտարկյալներին: Նրանք նաև կոչ են արել ՄԹ-ի կառավարությանը՝ եվրոպական այլ գործընկերների հետ միասին, միջկառավարական հարթակների միջոցով լուծել այս հրատապ խնդիրը:
«Մենք խնդրում ենք հանդես գալ հանուն Բաքվում ապօրինի և անարդարացիորեն ազատազրկվածների իրավունքների պաշտպանության և օգնել ապահովելուն, որ նրանցից յուրաքանչյուրը և բոլորն ապահով կերպով վերադարձվեն Հայաստան՝ իրենց տներն ու ընտանիքները: Հուսով ենք, որ մեր ամենանվիրական և հրատապ կոչը լսելի կլինի և հաշվի կառնվի»,- շեշտել են քրիստոնյա առաջնորդները:
Այսօր ավելի վաղ Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը Վարդանյանին կոչ էր արել դադարեցնել ադրբեջանական բանտում հայտարարած հացադուլը։ Խորհուրդը նաև կոչ էր արել միջոցներ ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու համար։
2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Փետրվարի 19-ին Արցախի նախկին պետնախարարը հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ հորդորելով ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։ Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։
Մարտի 5-ին կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը նպաստ կբերի գերիների և մյուս հարցերի լուծմանը։ Մարտի 6-ին Գենսերը թվարկել էր այն գործողությունները, որոնք կարող էին անել ՀՀ իշխանությունները՝ գերիներին ազատելու համար։
Մարտի 7-ին Վարդանյանն իր ընտանիքի միջոցով փոխանցել էր ձայնային հաղորդագրություն, որում կոչ էր անում խաղաղություն՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա։