Սիրիայի ժամանակավոր նախագահը պետք է պատասխանատվության ենթարկի Սիրիայի ափամերձ շրջաններում ջարդերի մեղավորներին, հայտարարել է քուրդ-արաբական Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) հրամանատար Մազլում Աբդին։ Նա սպանությունների համար մեղադրել է Թուրքիայի կողմից վերահսկվող խմբավորումներին:
Աբդին Reuters-ին տված գրավոր հայտարարության մեջ կոչ է արել Ահմեդ ալ-Շարաային միջամտել «ջարդը» դադարեցնելու համար՝ նշելով, որ «հիմնականում մեղավոր են Թուրքիայի և իսլամական ծայրահեղականների կողմից աջակցվող խմբերը»:
Սիրիական անվտանգության աղբյուրները հայտնել են, որ իրենց զինյալներից առնվազն 200-ը սպանվել են տապալված առաջնորդ Բաշար ալ-Ասադին հավատարիմ նախկին բանակի զինվորների հետ բախումների ժամանակ: Հինգշաբթի օրվա հարձակումներն ու դարանակալումները վերածվել են արյունալի վրեժի շղթայի, երբ Սիրիայի նոր իշխանությունների հազարավոր զինված աջակիցներ ամբողջ երկրից մեկնել են առափնյա շրջաններ՝ աջակցելու նոր վարչակազմի թուլացած ուժերին:
Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը շաբաթ օրը հայտնել է, որ մարտերի ընթացքում զոհվել է ավելի քան 1000 մարդ:
Մարտի 6-ին Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում բախումներ էին սկսվել անվտանգության ուժերի և նախկին նախագահի կողմնակիցների զինված խմբերի միջև։ Ամենածանր բախումները տեղի են ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ ապրում են ալավիները՝ կրոնական փոքրամասնություն, որին պատկանում է Ասադների ընտանիքը։ Մարտի 7-ին նոր իշխանությունները վերահսկողության տակ էին վերցրել Լաթաքիա քաղաքը՝ հեռացնելով Ասադի զինված կողմնակիցներին։ Մարտի 8-ին «Գանձասար»-ը հայտնել էր, որ Լաթաքիայի հայերին հրահանգվել է տներից դուրս չգալ, ավելի ուշ տեղեկացրել Լաթաքիայում կրակոցների հետևանքով երկու հայի զոհվելու մասին։