Իսրայելի իշխանությունները պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հետ հակամարտությունը սրելու և նրա վրա ճնշում գործադրելու պլաններ են մշակում՝ Գազայի հատվածում պատանդներին վերադարձնելու համար, գրել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրա խոսքով՝ նախորդ շաբաթ անկլավում անցակետերի փակումից հետո Իսրայելի իշխանությունները կարող են դադարեցնել էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը Գազայի հատված։ Եթե նման միջոցները ձախողվեն, Իսրայելը կարող է վերսկսել ավիահարվածներն ու մարտավարական գործողությունները։
Ըստ կայքի՝ չի բացառվում, որ հրեական պետությունն ստիպի հարյուր հազարավոր պաղեստինցիներին, ովքեր հրադադարի ժամանակ վերադարձել են իրենց տներ, լքել դրանք։
Լրատվականը մատնանշել է, որ ժամանակի ընթացքում, պատանդների ազատագրման հարցում առաջընթացի բացակայության դեպքում, իսրայելական իշխանությունները կարող են շատ ավելի լուրջ ռազմական գործողություններ իրականացնել։
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Փետրվարի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու և այն «մաքրելու» ամերիկյան նոր վարչակազմի ծրագրերն իրականացնել։
Փետրվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է ստանձնել Գազայի հատվածի կառավարումը, այդ թվում՝ ականազերծել տարածքը և քանդել ավերված շենքերը: Նրա ծրագրի համաձայն՝ տարածաշրջանը պետք է վերածվի «Միջին Արևելյան Ռիվիերայի»։ Դա ենթադրում է Գազայի բոլոր բնակիչների կամ մեծ մասի վերաբնակեցում այլ երկրներում։ Արաբական հինգ երկրների արտգործնախարարներ քննադատել էին այս առաջարկը: Թրամփը փետրվարի 26-ին հրապարակել էր արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված տեսահոլովակ, որտեղ ցույց էր տալիս Գազայի հնարավոր ապագան՝ համաձայն իր պլանի։