Սիրիական Լաթաքիայի հայերին հրահանգվել է տներից դուրս չգալ, հայտնել է «Գանձասար»-ը։
Ըստ պարբերականի թղթակցի՝ իրավիճակը տեղում մնում է լարված։ Իրավապահ մարմինները պարետային ժամը երկարաձգել են մինչև երեկ՝ մարտի 7-ի երեկո։
Նշվում է նաև, որ երեկ գիշերվա ժամը 11։00-ից սկսած քաղաքի մի շարք շրջաններում ջրի տագնապ է առաջացել։
Սիրիայում բախումներ և ցույցեր էին սկսվել մարտի 6-ին։ Մարտի 7-ին նոր իշխանությունները վերահսկողության տակ էին վերցրել Լաթաքիա քաղաքը՝ հեռացնելով Ասադի զինված կողմնակիցներին։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք մեկ շաբաթվա ընթացքում գրավել էին երկրի բոլոր խոշոր քաղաքները՝ Հալեպը, Համան, Հոմսը և Դամասկոսը: Ավելի ուշ՝ դեկտեմբերին, այս խմբերը ձևավորել էին նոր կառավարություն՝ ներառյալ նոր պաշտպանության նախարարությունը:
«Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն Armenia Today-ին հայտնել էր, որ հայկական համայնքի նկատմամբ նոր իշխանությունների վերաբերմունքը շատ հարգալից է։