ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է «այլ տարբերակի» հնարավորության մասին, եթե Իրանը հրաժարվի ստորագրել միջուկային համաձայնագիրը։
«Հուսանք՝ կկարողանանք հասնել խաղաղության համաձայնագրի։ Ես սա չեմ ասում ուժից կամ թուլությունից դրդված, պարզապես նշում եմ, որ կգերադասեի խաղաղ համաձայնագիրը, քան այլ [իրադարձությունների զարգացման տարբերակ]։ Բայց մեկ այլ [տարբերակ] կլուծի խնդիրը»,- Թրամփի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։
Այսօր ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ առաջարկելով քննարկել միջուկային ծրագիրը։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը բանակցություններ չի վարի Վաշինգտոնի հետ, քանի դեռ Թրամփի վարչակազմն առավելագույն ճնշման քաղաքականություն է վարում Իրանի նկատմամբ։ ՄԱԿ-ում Իրանի առաքելությունից Reuters-ին հայտնել են, որ Թեհրանը դեռ չի ստացել ԱՄՆ նախագահի նամակը:
ԱՄՆ նախագահը փետրվարի 4-ին հրամանագիր էր ստորագրել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը վերսկսելու մասին, այդ թվում՝ իրանական նավթի արտահանման կրճատմանն ուղղված միջոցառումները։ Միաժամանակ՝ նա հայտնել էր բանակցությունների և Թեհրանի հետ «հիանալի գործարք» կնքելու պատրաստակամության մասին։
Փետրվարի 7-ին Խամենեին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողության և բացառել էր բանակցությունները։ Փետրվարի 9-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ նախընտրում է գործարք կնքել Իրանի հետ, քան հարվածել երկրին: