ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ նամակ է հղել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ՝ առաջարկելով քննարկել միջուկային ծրագիրը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Այս մասին Թրամփը պատմել է Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ նամակն ուղարկվել է մարտի 6-ին, և նա պատրաստակամություն է հայտնել Իրանի հետ համաձայնագիր կնքել միջուկային ծրագրի վերաբերյալ:
«Եթե Իրանը բանակցություններին չհամաձայնի, դա նրա համար լուրջ հետևանքներ կունենա։ Իրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ձեռք բերել։ Մենք ունենք գործողությունների այլ տարբերակներ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը փետրվարի 4-ին հրամանագիր էր ստորագրել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը վերսկսելու մասին, այդ թվում՝ իրանական նավթի արտահանման կրճատմանն ուղղված միջոցառումները։ Միաժամանակ՝ նա հայտնել էր բանակցությունների և Թեհրանի հետ «հիանալի գործարք» կնքելու պատրաստակամության մասին։
Խամենեին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողության և բացառել էր բանակցությունները։ Փետրվարի 9-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ նախընտրում է գործարք կնքել Իրանի հետ, քան հարվածել երկրին: