Թուրքիայում ցմահ ազատազրկման դատապարտված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը PKK-ի անդամներին կոչ է արել դադարեցնել զինված դիմակայությունն Անկարայի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Օջալանի համապատասխան ուղերձն ընթերցել են քրդամետ DEM կուսակցության ներկայացուցիչները, որոնք ավելի վաղ բանտում այցելել էին PKK առաջնորդին, որտեղ նա փոխանցել էր ուղերձը:
«Ես իմ վրա եմ վերցնում այս [զինաթափման կոչի] պատմական պատասխանատվությունը։ Անցկացրեք ձեր համագումարը և որոշումներ կայացրեք պետության և հասարակության հետ ինտեգրվելու վերաբերյալ, քանի որ յուրաքանչյուր ժամանակակից համայնք և կուսակցություն, որն ուժով չի դադարել գոյություն ունենալ, դա կանի կամավոր։ Բոլոր խմբավորումները [կապված PKK-ի հետ] պետք է վայր դնեն զենքերը, իսկ PKK-ն պետք է ցրվի»,- մեջբերել է ուղերձը գործակալությունը։
Պարզ չէ՝ ի վերջո հրադադար կամ խաղաղություն ձեռք կբերվի՞, սակայն Օջալանի կոչը կարող է խթանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հեռանկարները, գրում է Reuters-ը։ Իր իշխանությունը 2028 թվականից հետո երկարացնելու համար, երբ ավարտվում է նախագահի պաշտոնում նրա վերջին ժամկետը, Էրդողանին անհրաժեշտ կլինի ընդդիմադիր կուսակցության, հնարավոր է DEM-ի աջակցությունը՝ սահմանադրությունը փոփոխելու կամ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, գրում է գործակալությունը։
Հրատարակությունը նշել է նաև, որ դեռևս պարզ չէ, թե ներկայումս ի՞նչ ազդեցություն ունի Օջալանը PKK-ի զինյալների վրա։ Կազմակերպության շտաբ-կենտրոնը, որը գտնվում է Հյուսիսային Իրաքի լեռներում, դեռ չի արձագանքել հայտարարությանը։
Միևնույն ժամանակ, քրդամետ Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) ղեկավար Մազլում Աբդին ողջունել է Օջալանի կոչը, սակայն ասել է, որ դա վերաբերում է միայն PKK-ին և «Սիրիայում իրենց հետ կապ չունի»։
2024 թվականի հոկտեմբերին Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար և Էրդողանի դաշնակից Դևլեթ Բահչելին Օջալանին առաջարկել էր հրամայել իր մարտիկներին դադարեցնել մարտերը։ Նա նշել էր, որ Օջալանը կարող է ազատ արձակվել, եթե նման կոչ անի։ Ավելի ուշ Էրդողանը պաշտպանել էր Բահչելիի նախաձեռնությունը։