Փարիզում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի քանի երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ցանկությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ Փարիզը համակարծիք է այն ձգտումներին, որն ունի նախագահ Թրամփը․ այն է՝ վերջ տալ գրեթե երեք տարի շարունակվող ռուս-ուկրաինական հակամարտությանը։
«Մենք կողմ ենք, որ Ուկրաինայում խաղաղությունը լինի երկարատև և կայուն»,- ընդգծել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել «անվտանգության վերաբերյալ եվրոպացիների մտահոգությունները» հաշվի առնելու օգտին՝ հանդիպման մասնակիցներին կոչ անելով ավելացնել պաշտպանական ծախսերը։
«Այդ հարցի վերաբերյալ որոշումները կկայացվեն առաջիկա օրերին և շաբաթներին»,- նշել է Մակրոնը։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Փետրվարի 19-ին ԵՄ-ն հավանություն էր տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթին։