ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա, ինչը նման է «ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի տնտեսական գաղութացմանը», հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով The Telegraph-ին։
«ԱՄՆ-ն, Ուկրաինայի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ գործարքում, ավելի վատ պայմաններ է սահմանել, քան ռազմատուգանքը, որը Գերմանիան պետք է վճարեր Առաջին համաշխարհային պատերազմից հետո, և Բեռլինի ու Տոկիոյի նկատմամբ կիրառված պատժամիջոցները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,- գրում է The Telegraph-ը։
Նշվում է, որ ըստ նախագծի՝ ԱՄՆ-ն կստանա ռեսուրսների արդյունահանումից Կիևի ստացած եկամուտի 50%-ը, ինչպես նաև Ուկրաինայի կողմից երրորդ կողմին տրված բոլոր նոր լիցենզիաների արժեքի կեսը։
«Եթե օրինագիծն ընդունվի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջները կկազմեն Ուկրաինայի ՀՆԱ-ի ավելի մեծ մասնաբաժին, քան Գերմանիային Վերսալի պայմանագրով սահմանված փոխհատուցումները»,- ասվում է հոդվածում։
Փաստաթուղթը վերաբերում է հանքային, նավթային և գազի պաշարներին, նավահանգիստներին և այլ ենթակառուցվածքներին, սակայն չի մանրամասնվում, թե որ։
NBC հեռուստաալիքը հայտնել է, որ Վաշինգտոնը ռեսուրսների իր պահանջների դիմաց թույլ կտա ամերիկյան զորք տեղակայել Ուկրաինայում՝ օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված անվտանգությունն ապահովելու համար։
Գործարքի գնահատված ծավալը կազմում է 500 միլիարդ դոլար, գրում է The Telegraph-ը, ընդ որում՝ ԱՄՆ-ն 175 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային աջակցելու համար, որից 70 միլիարդը ծախսվել է ԱՄՆ-ում զենքի արտադրության վրա։
Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը նշել է, որ Վաշինգտոնն «արժանի է որոշակի փոխհատուցում ստանալ այն միլիարդների համար, որոնք ներդրել է այս պատերազմում»։
Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել փետրվարի 12-ին։ Զրույցից հետո Թրամփը հայտնել էր, որ Պուտինի հետ պայմանավորվել է բանակցային գործընթաց սկսել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։