Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն շնորհավորել է Սիրիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ահմեդ ալ-Շարաանին՝ անցումային շրջանում պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, հայտնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ Արամ Ա-ն սիրիահայության և իր անունից շնորհավորել է նրան՝ մաղթելով, որպեսզի «իմաստուն ղեկավարությամբ նոր ու փայլուն էջ բացվի Սիրիայի պատմության մեջ»:
«Սիրիայի ժողովուրդը, իր բոլոր համայնքներով, անցավ անհամար դժվարությունների ու ծանր տագնապների միջով, սակայն տոկաց՝ զինված լինելով համբերությամբ և հուսալով, որ երկրում պիտի տիրի արդարություն ու հավասարություն, ինչպես նաև պիտի հարգվեն Սիրիայի բոլոր զավակների իրավունքները՝ առանց խտրության»,- ասվում է հաղորդագրության մեջ:
2024 թվականի դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման նախկին առաջնորդ ալ-Շարաան դարձել է Սիրիայի փաստացի առաջնորդը։ Հունվարի 29-ին նա հռչակվել է Սիրիայի անցումային նախագահ։ Դեկտեմբերի 9-ին սիրիացի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը հայտնել էր, որ Հալեպի ռազմական վարչակազմի ներկայացուցիչներն անվտանգության երաշխիքներ են տվել քաղաքի հայ և քրիստոնյա համայնքների հետ հանդիպմանը։ Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը հունվարի 13-ին Armenia Today-ին հայտնել էր, որ նոր իշխանությունները վստահեցրել են, որ հայկական համայնքին նեղություն չի տրվի։