Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ծանր քաշայինների թիմ» է հավաքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների համար, հայտնում է РБК-ն՝ հղում անելով Bloomberg-ին։
Նշվում է, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցման համար բանակցություններում ռուսական կողմը կներկայացնի առնվազն երեք պաշտոնյայից բաղկացած կազմ։
Bloomberg-ը հավանական բանակցողների թվում նշել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովին, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևին։ Վերջինս, ըստ Bloomberg-ի, կարող է «առանցքային դեր խաղալ՝ որպես Թրամփի բանակցողների հետ հաղորդակցության ոչ պաշտոնական ալիք»։
Գործակալությունը պարզաբանել է, որ նման բանակցողների ընտրությունը ցույց է տալիս, թե որքան է Պուտինը ցանկանում «ապահովել բանակցությունների բարենպաստ արդյունք»։
Ամերիկյան պատվիրակությունը կներկայացնեն Պետքարտուղար Մարկ Ռուբիոն, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Վալցը և հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը։ Նրանց անուններն անվանել է Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։
Այսօր ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ փետրվարի 14-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները կհանդիպեն Գերմանիայում՝ ուկրաինական հակամարտությունը քննարկելու նպատակով։ Նա հավելել էր, որ որ հաջորդ շաբաթ նախատեսվում է հանդիպում Սաուդյան Արաբիայում։