ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Պետքարտուղարության հետ միավորելու հարցը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին։
Աղբյուրի համաձայն՝ Թրամփը միլիարդատեր Իլոն Մասկին՝ ԱՄՆ կառավարության արդյունավետության գրասենյակի ղեկավարին, հանձնարարել է «վերահսկել այս գործակալության արդյունավետությունը»։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողներին ասել է, որ այժմ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի պաշտոնակատարն է՝ գործակալության աշխատակիցներին մեղադրելով ծրագրերի վերաբերյալ «պարզ հարցերին պատասխանելու ցանկություն չունենալու» մեջ։
Reuters-ը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Պետդեպարտամենտի ենթակայության տակ դնելը «հավանաբար դրամատիկ հետևանքներ կունենա աշխարհի ամենամեծ դոնորից՝ ԱՄՆ-ից օգնության բաշխման վրա»:
Փետրվարի 3-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենտրոնակայանը։
ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության ծրագրերը կասեցվել էին հունվարի 20-ին Թրամփի հրամանագրից հետո՝ սառեցնել ԱՄՆ արտաքին օգնության մեծ մասը: Գործակալությունը հայտնել է, որ 2023 ֆինանսական տարում Միացյալ Նահանգները 72 մլրդ դոլարի օգնություն է հատկացրել ամբողջ աշխարհում։
ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում գործում է 1991 թվականից՝ աջակցելով ժողովրդավարական բարեփոխումներին, տնտեսական զարգացմանը և սոցիալական ծրագրերին: Գործակալությունը ֆինանսավորել է դատական համակարգի արդիականացման, տեղական ինքնակառավարման զարգացման, փոքր և միջին բիզնեսի և գյուղատնտեսության աջակցության ծրագրեր: Ընդհանուր առմամբ, ըստ գործակալության տեղեկատվության, այս ընթացքում հայկական կազմակերպությունները ստացել են ավելի քան 1 միլիարդ դոլարի օգնություն։
2024 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով Հայաստանին հատկացվող ֆինանսավորման ավելացմանը մինչև 250 միլիոն դոլարի չափով։ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև 2022 թվականի հունիսի 29-ին ստորագրված դրամաշնորհային պայմանագրով այս գումարը կազմել էր 120 մլն դոլար։